<<ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԻԾ

Հեղինակ Սիվիլ վոյս ՀԿ
Ընդունող մարմին ՀՀ ազգային ժողով
Ոլորտ էկոլոգիական փորձաքննություն
Հիմնավորում

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ Օրենք) առկա թերությունների վերացման, Օրենքի տրամաբանությունից բխող սակայն չկարգավորված իրավահարաբերությունների կարգավորման և գործընթացի մասնակիցների իրավունքների ու պարտականությունների հստակեցման անհրաժեշտությունից.

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքով սահմանված որոշ հասկացություններ խմբագրված են թերություններով, ինչի հետևանքով փոփոխված են դրանց իմաստները և արդյունքում դրանք չեն համապատասխանում Օրենքով այդ հասկացությունների գործընթացները կարգավորող նորմերին:

Որոշ հասկացություններ և նորմեր խմբագրված են այնպես, որ <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքով սահմանված նորմերով դրանք մեկնաբանելու դեպքում դառնում են անկիրառելի, կամ վիճելի են դարձնում դրանց կիրառման իրավաչափությունը:

Օրենքով թերի են կանոնակարգված փորձաքննության ենթարկված նախագծային փաստաթղթերում կատարվող՝ շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող փոփոխություններին վերաբերվող իրավահարաբերությունները, իսկ փորձաքննության ենթարկված հիմնադրութային փաստաթղթերում կատարվող՝ շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող փոփոխությունների մասով ընդհանրապես բացակայում է որևէ կարգավորում:

Լիարժեք չեն սահմանված լիազոր պետական մարմնի լիազորություններն ու ձեռնարկողի պարտականությունները՝ ինչի արդյունքում կարող են վիճահարույց դառնալ, Օրենքի նորմերից և տրամաբանությունից բխող, լիազոր մարմնի կողմից՝ փորձաքննության գործընթացի հետ առնչվող վերահսկողության իրականացման և համապատասխան վարչական ակտերի ընդունման գործընթացները:

2. Վերը նշված թերությունների վերացման նպատակով ներկայացված Նախագծով՝

ա. Նոր խմբագրությամբ են շարադրվել նախատեսվող գործունեություն, նախագծային փաստաթուղթ, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության հիմնական փուլ և փորձաքննություն հիմնական հասկացությունները՝ ինչի արդյունքում վերացվել են դրանցում առկա իմաստային թերությունները, ինչպես նաև այդ հասկացությունների տրամաբանությունից ելնելով դրանք համապատասխանեցվել են <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի պահանջներին.

բ. Հստակ նորմ է սահմանվել, որի համաձայն փորձաքննության են ենթակա փորձաքննության ենթարկված նախագծային և հիմնադրութային փաստաթղթերում կատարվող՝ շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող բոլոր փոփոխությունները, ինչպես նաև ներդրվել է այդ գործընթացի իրականացման մեխանիզմ.

գ. Հստակեցվել և կանոնակարգվել են բնության հատուկ պահպանվող տարածքներում, պատմամշակութային հուշարձանների սահմաններում, անտառային տարածքներում և ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում՝ նախատեսվող գործունեության իրականացման հետ կապված իրավահարաբերությունները:

դ. Օրենքի տրամաբանությունից ելնելով՝ հստակեցվել և լրացվել են լիազոր պետական մարմնի լիազորություններն ու ձեռնարկողի պարտականությունները՝ ինչի արդյունքում օրենքի կիրառման ժամանակ հնարավորինս կբացառվեն, Օրենքում առկա բաց թողումների ու սխալ ձևակերպումների պատճառով, հնարավոր վեճերը՝ կապված գործունեությունը փորձաքննական դրական եզրակացություն ստացած նախագծային փաստաթղթերին համապատասխան իրականացման պարտավորության և դրա նկատմամբ վերահսկողության իրականացման հետ:

Հղումներ

"ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ" ՀՀ ՕՐԵՆՔ

    

Հոդված 1. <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի թիվ ՀՕ-110-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ, կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

<< 7) նախատեսվող գործունեություն՝ սույն օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերում թվարկված գործունեություն.

8) նախագծային փաստաթուղթ՝ նախատեսվող գործունեության տեխնիկական զեկույց և(կամ) տեխնիկատնտեսական հիմնավորում և(կամ) տեխնիկատնտեսական հաշվարկ և(կամ) ճարտարապետաշինարարական նախագիծ, ինչպես նաև տվյալ նախատեսվող գործունեության իրականացման համար օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված՝ նախագծային և (կամ) ծրագրային այլ փաստաթուղթ.>> :

    

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

<<8) օրենքով սահմանված կարգով փորձաքննական եզրակացության պահանջների ու պայմանների կատարման, ինչպես նաև դրական եզրակացություն ստացած գործունեության՝ փորձաքննության ենթարկված նախագծային փաստաթղթերին համապատասխան իրականացման նկատմամբ վերահսկողության իրականացումը.>>:

    

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ .

<< 1. Ռազմավարական գնահատման և փորձաքննության ենթակա են սոցիալ-տնտեսական, էներգետիկայի, քաղաքաշինության, տրանսպորտի, կապի, գյուղատնտեսության, ընդերքօգտագործման, արդյունաբերական ճյուղերի, առողջապահության, բնապահպանության, ռեկրեացիայի, սպասարկման, անտառատնտեսության, թափոնների օգտագործման, ջրային տնտեսության բնագավառներին վերաբերող հիմնադրութային փաստաթղթերը, ինչպես նաև փորձաքննական դրական եզրակացություն ստացած հիմնադրութային փաստաթղթերում կատարվող՝ շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող փոփոխությունները:

2. Գնահատման և փորձաքննության ենթակա են սույն հոդվածի 4-րդ, 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերով սահմանված նախատեսվող գործունեության տեսակների նախագծային փաստաթղթերը, ինչպես նաև այդ գործունեության տեսակների փորձաքննական դրական եզրակացություն ստացած նախագծային փաստաթղթերում կատարվող՝ շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող փոփոխությունները:>>:

    

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ .

<<8. Բ կատեգորիայի ընթացակարգով փորձաքննության են ենթակա նաև սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերում չթվարկված, ինչպես նաև սույն հոդվածի 6-րդ մասում թվարկված բոլոր նախատեսվող գործունեության տեսակները՝ որոնք իրականացվելու են բնության հատուկ պահպանվող տարածքներում կամ անտառային տարածքներում կամ պատմամշակութային հուշարձանների սահմաններում կամ ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում:>>:

    

Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

<< 7) Գ կատեգորիայում ներառված գործունեության դեպքում նաև նախատեսվող գործունեության նախագծային փաստաթուղթը:>>:

    

Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

<< 6) Գ կատեգորիայի գործունեության տեսակները, սույն օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված տարածքներում իրականացնելու դեպքում, Բ կատեգորի համար սահմանված կարգով տեխնիկական առաջադրանքներին համապատասխան, ազդեցության գնահատման ենթակա լինելու վերաբերյալ:>>:

    

Հոդված 7. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում <<և>> տառը(շաղկապը) փոխարինել <<կամ>> բառով(շաղկապով):

    

Հոդված 8. Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

<<7) սահմանված ժամկետում կատարել փորձաքննական եզրակացության պահանջներն ու պայմանները և նախատեսվող գործունեությունն իրականացնել փորձաքննական դրական եզրակացություն ստացած նախագծային փաստաթղթերին համապատասխան:>>:

    

Հոդված 9. Օրենքը լրացնել նոր 20.1 հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ.

<< Հոդված20.1. Փորձաքննության ենթարկված հիմնադրութային և նախագծային փաստաթղթերում փոփոխությունների կատարումը

1. Ձեռնարկողը, որը նախատեսում է փոփոխություններ կատարել փորձաքննության ենթարկված հիմնադրութային և(կամ) նախագծային փաստաթղթում պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել լիազոր մարմնին՝ կից ներկայացնելով նախատեսվող փոփոխությունը:

2. Լիազոր մարմինը նախատեսվող փոփոխությունը ստանալու օրվանից 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է այն և կայացնում հետևյալ որոշումներից մեկը.

1) նախատեսվող փոփոխությունը չունի շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն.

2) նախատեսվող փոփոխությունն ունի շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն.

3. Սույն հոդվածի երկրորդ մասի առաջին կետով սահմանված որոշման կայացման դեպքում՝ լիազոր մարմինը նախատեսվող փոփոխությունը կցում է փորձաքննության ենթարկված հիմնադրութային և(կամ) նախագծային փաստաթղթին՝ որպես դրա անբաժանելի մաս:

4. Սույն հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետով սահմանված որոշման կայացման դեպքում նախատեսվող փոփոխությունը ենթակա է փորձաքննության, սույն օրենքով սահմանված կարգով, այն կատեգորիայի ընթացակարգով՝ որով փորձաքննության է ենթարկվել տվյալ փոփոխվող հիմնադրութային և(կամ) նախագծային փաստաթուղթը:>>:

    Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

PDF