ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ստացման, փորձարկման, բազմացման, պահման, ոչնչացման կամ վնասազերծման հետ կապված հնարավոր անբարենպաստ ազդեցությունից շրջակա միջավայրի եւ կենսաբազմազանության պահպանության ու կենսանվտանգությանն առնչվող հարաբերությունները` հաշվի առնելով մարդու առողջությանը սպառնացող վտանգը:

Հեղինակ ՀՀ բնապահպանության նախարարություն
Ընդունող մարմին ՀՀ ազգային ժողով
Ոլորտ մարդու էկոլոգիական իրավունքներ
նորմ-մեխանիզմներ
տեղեկատվություն
ԳՁՕ
առողջապահություն
Հիմնավորում
Հղումներ
Արձագանք

ՀՀ ազգային ժողովի իրավաբանական վարչության եզրակացություն

Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացություն

    ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 1 . Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ստացման, փորձարկման, բազմացման, պահման, ոչնչացման կամ վնասազերծման հետ կապված հնարավոր անբարենպաստ ազդեցությունից շրջակա միջավայրի եւ կենսաբազմազանության պահպանության ու կենսանվտանգությանն առնչվող հարաբերությունները` հաշվի առնելով մարդու առողջությանը սպառնացող վտանգը:

    Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են.

1) անդրսահմանային տեղափոխություն` գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների տարանցիկ փոխադրումը մի պետությունից մեկ այլ պետություն.

2) ապօրինի գործածություն` սույն օրենքով սահմանված նորմերի եւ կանոնների խախտմամբ իրականացված գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործընթաց:

3) գենետիկական անվտանգության գոտի՝ տարածք, որի սահմաններում արգելվում է գենետիկորոն ձեւափոխված օրգանիզմի գործածության որեւէ գործընթաց.

4) գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմ` (կամ կենդանի վերափոխված օրգանիզմ)` ցանկացած կենդանի օրգանիզմ, որը պարունակում է ժամանակակից կենսատեխնոլոգիայի օգտագործման շնորհիվ ստացված գենետիկական նյութի նոր համակցություն.

5) գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածություն՝ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմները մեկուսացված համակարգում հետազոտություն, ստացում, աճեցում, բազմացում, փորձարկում, պահում, տեղափոխում, ոչնչացում կամ վնասազերծման ցանկացած ձեւ, ներառյալ դրանց հետ կապված արտահանումը, ներմուծումը եւ տարանցիկ փոխադրումը.

6) գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգություն՝ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության ապահովման սկզբունքների, մեխանիզմների եւ իրավական հիմքերի սահմանում.

7) գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության հետ կապված կենսաբանական անվտանգություն` (այսուհետ՝ կենսանվտանգություն)՝ երաշխիք, որ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ցանկացած գործընթաց անբարենպաստ ազդեցություն չի ունենա շրջակա միջավայրի եւ կենսաբազմազանության վրա՝ հաշվի առնելով նաեւ մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը.

8) ժամանակակից կենսատեխնոլոգիա նշանակում է կիրառել՝ նուկլեինաթթվի օգտագործման in vitro (օրգանիզմից դուրս) մեթոդը, ներառյալ ռեկոմբինանտային դեզօքսիրիբոնուկլեինաթթուն (ԴՆԹ) եւ նուկլեինաթթվի ուղղակի ներարկումը բջիջների կամ օրգանելայի մեջ, կամ տաքսոնոմիկ կարգավիճակ ունեցող օրգանիզմների բջիջների միացման մեթոդներ, որոնք թույլ են տալիս հաղթահարել բնական ֆիզիոլոգիական վերարտադրվող կամ ռեկոմբինացիոն արգելքները եւ աճեցման ու սելեկցիայի ավանդական մեթոդներ չեն հանդիսանում.

9) կենդանի օրգանիզմ՝ ցանկացած կենսաբանական գոյություն, որն ունի գենետիկական նյութի փոխանցման կամ վերարտադրման ունակություն, ներառյալ ստերիլ օրգանիզմները, վիրուսները եւ վիրոիդները.

10) կենսաբանական բազմազանություն` (այսուհետ` կենսաբազմազանություն) ցամաքային, օդային եւ ջրային կենդանի օրգանիզմների տարատեսակություն, որը ներառում է ներտեսակային, միջտեսակային եւ էկոհամակարգերի բազմազանություն.

11) Կողմ` Հայաստանի Հանրապետության կողմից 2004 թվականի մարտի 16-ին վավերացրած (Ն-081-3) Կենսաբանական բազմազանության վերաբերյալ կոնվենցիայի «Կենսաբանական անվտանգության մասին» կարթագենյան արձանագրության կողմ հանդիսացող երկիր.

12) հայտ` փաստաթուղթ, որի միջոցով հայտատուն դիմում է լիազորված պետական կառավարման մարմնին` իր կողմից նախատեսվող գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության լիցենզիա ստանալու նպատակով.

13) հայտատու` գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի գործածությամբ զբաղվելու ցանկություն ունեցող իրավաբանական անձ.

14) մեկուսացված համակարգ` փակ, արտաքին միջավայրի հետ շփումը սահմնափակող հատուկ տարածք կամ կառույց,

15) մեկուսացված համակարգերում օգտագործում՝ մեկուսացված համակարգում իրականացվող ցանկացած գործողություն, որը ընդգրկում է գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ, որոնք վերահսկվում են արտաքին միջավայրի հետ շփումը եւ նրա նկատմամբ ունեցած ազդեցությունն արդյունավետորեն սահմանափակող հատուկ միջոցներով.

16) պատահար` գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության ցանկացած դեպք, որը կարող է վտանգ սպառնալ շրջակա միջավայրին, կենսաբազմազանությանը, մարդու առողջությանը.

17) ռիսկի գնահատում` շրջակա միջավայրի, կենսաբազմազանության պահպանման նկատմամբ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների հնարավոր անբարենպաստ ազդեցության գնահատում` հաշվի առնելով մարդու առողջությանը սպառնացող վտանգը.

18) ռիսկի կառավարում` ռիսկի գնահատման արդյունքների վրա հիմնված կենսաբազմազանության պահպանման եւ կայուն օգտագործման նկատմամբ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների անբարենպաստ ազդեցությունը կանխարգելու միջոցառումներ՝ հաշվի առնելով մարդու առողջությանը սպառնացող վտանգը.

    Հոդված 3. Օրենքի կիրառման ոլորտը

1.Սույն օրենքի գործողությունը տարածվում է գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության հետ կապված հետեւյալ գործընթացի վրա.

1) մեկուսացված համակարգերում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների հետազոտության, ստացման, աճեցման, բազմացման, փորձարկման, պահման, տեղափոխման, ոչնչացման կամ վնասազերծման ցանկացած ձեւերի,

2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում այնպիսի գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործունեության վրա որոնք հանդիսանում են.

1) մարդու եւ կենդանիների բուժման համար նախատեսված դեղագործական պատրաստուկներ,

2) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված մարդու եւ կենդանիների համար 1-4-րդ խմբերի ախտածին միկրոօրգանիզմներ, հելմինթներ եւ կենսաբանական ծագում ունեցող թույներ:

    Հոդված 4. Օրենքի նպատակն ու խնդիրները

1. Օրենքի նպատակն է. Հայաստանի Հանրապետությունում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության ապահովումը` բացառելով կամ նվազագույնի հասցնելով դրանց հնարավոր անբարենպաստ ազդեցությունը շրջակա միջավայրի, կենսաբազմազանության վրա` հաշվի առնելով մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը:

2. Օրենքի խնդիրներն են.

1) Հայաստանի Հանրապետության կենսանվտանգության ոլորտի կարգավորման մարմինների սահմանումը.

2) գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության ապահովման սկզբունքների եւ իրավական հիմքերի սահմանումը.

3) գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության հետ կապված շրջակա միջավայրի, կենսաբազմազանության վրա հնարավոր անբարենպաստ ազդեցության կանխարգելման, կամ նվազագույնին հասցնելու պահանջների եւ պայմանների սահմանումը` հաշվի առնելով մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը.

4) գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման եւ հասարակության իրազեկման ապահովումը:

    Հոդված 5. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության իրավական կարգավորումը

1. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով ու իրավական ակտերով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

    Հոդված 6. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության ապահովման հիմնական սկզբունքները

1.Կենսանվտանգության ապահովման հիմնական սկզբունքներն են.

1) շրջակա միջավայրի, կենսաբազմազանության, մարդու կյանքի եւ առողջության պահպանության գերակայությունը գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների տնտեսական արդյունավետության նկատմամբ,

2) գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի գործածության յուրաքանչյուր դեպք կամ գործընթաց կարող է լիցենզավորվել միայն շրջակա միջավայրի, կենսաբազմազանության վրա վնասակար ազդեցության բացառման վերաբերյալ գիտականորեն հիմնավորված անվտանգության երաշխիքների առկայության դեպքում` հաշվի առնելով մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը,

3) ցանկացած գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի գործածության կենսանվտանգության յուրաքանչյուր դեպքի համար պարտադիր պետք է իրականացվի շրջակա միջավայրի, կենսաբազմազանության վրա հնարավոր անբարենպաստ ազդեցության գնահատում` հաշվի առնելով մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը,

4) գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության վերաբերյալ պետք է ապահովվի տեղեկատվության հրապարակայնությունը եւ մատչելիությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

5) գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության որոշումների կայացման գործում հանրության մասնակցության ապահովումը եւ կարծիքը հաշվի առնելը,

6) գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության հետ կապված յուրաքանչյուր նախատեսվող գործունեություն` որպես պոտենցիալ կենսաբանական վտանգ դիտարկելը,

7) Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածությունից ազատ կամ կենսանվտանգ տարածք:

8) Հայաստանի Հանրապետությունում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ներմուծումը, արտահանումը եւ անդրսահմանային տեղափոխությունը լիցենզավորվում է միայն մեկուսացված համակարգում գործածության համար:

    Հոդված 7. Ռիսկի գնահատումը

1. Կախված շրջակա միջավայրի, կենսաբազմազանության պահպանման նկատմամբ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների հնարավոր անբարենպաստ ազդեցությունը, հաշվի առնելով մարդու առողջությանը սպառնացող վտանգը, մեկուսացված համակարգերի համար իրականացվում են ռիսկի գնահատում:

2. Մեկուսացված համակարգում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների օգտագործման յուրաքանչյուր գործընթացի ռիսկի գնահատման չափանիշներն ու կենսանվտանգության ապահովման նորմերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով:

3. Ռիսկի գնահատումն իրականացվում է յուրաքանչյուր գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի նկատմամբ, յուրաքանչյուր դեպքի համար` գիտականորեն հիմնավորվածության եւ թափանցիկության սկզբունքով, հաշվի առնելով սույն օրենքով եւ միջազգային կանոնակարգերով սահմանված ռիսկի գնահատման մեթոդներն ու ուղեցույցները: Ռիսկի գնահատումը յուրաքանչյուր օրգանիզմի նկատմամբ, յորաքանչյուր դեպքի համար իրականացվում է լիազորված պետական մարմնի կողմից ձեւավորված փորձագիտական խմբի կողմից:

4. Մեկուսացված համակարգում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածությունը` այդ թվում ներմուծումը, արտահանումը եւ տարանցիկ փոխադրումը հանդիսանում են լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ:

5. Հայաստանի Հանրապետությունում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության ռիսկի գնահատման կարգը եւ մեթոդական ուղեցույցը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    ԳԼՈՒԽ 2

ԿԵՆՍԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆՆԵՐԻ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Հոդված 8. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը

1. Կենսանվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունն է`

1) լիազոր պետական մարմնի (մարմինների) ճանաչումը

2) պետական կառավարման մարմինների լիազորությունները սահմանելը.

3) գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության դեպքում հնարավոր բացասական ազդեցությունից շրջակա միջավայրի եւ կենսաբազմազանության պահպանության պետական ծրագրերի ընդունումը.

4) գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության ապահովման վերաբերյալ սույն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում կարգավորման ենթակա իրավական ակտերի ընդունումը

5) սահմանում է մեկուսացված համակարգին ներկայացվող տեխնիկական եւ մեթոդական պահնաջները,

2. Oրենքով նախատեսված այլ լիազորություններ:

    Հոդված 9. Կենսանվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության լիազորված պետական մարմինների իրավասությունը

1. Կենսանվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության լիազորված պետական մարմինների իրավասությունն է՝

1) գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության հնարավոր բացասական ազդեցությունից շրջակա միջավայրի, կենսաբազմազանության պահպանության պետական ծրագրերի մշակումը` հաշվի առնելով նաեւ մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը.

2) լիցենզիաների տրամադրումը, կամ դրանց մերժումը: ՀՀ կառավարության կողմից սահմանված մեկուսացված համակարգին ներկայացվող տեխնիկական եւ մեթոդական պանաջները համարվում են լիցենզավորման պարտադիր պահանջ :

3) միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելը.

4) հասարակության տարբեր խավերի իրազեկության բարձրացման եւ կրթադաստիարակչական նպատակով համապատասխան գիտակրթական եւ ուսուցողական ծրագրերի մշակումը եւ իրականացումը,

5) վերահսկողություն այս բնագավառում գործող ՀՀ օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ:

2. Կենսանվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության լիազորված պետական մարմինները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Սույն օրենքի դրույթներից բխող այլ լիազորություններ:

    Հոդված 10. Կենսանվտանգության ոլորտում տարածքային կառավարման մարմինների իրավասություններն

1.Կենսանվտանգության ոլորտում տարածքային կառավարման մարմինների իրավասությունն են.

1) իրենց վարչական սահմաններում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կամ հնարավոր գործածության կամ տեղափոխման վերաբերյալ լիազորված պետական մարմիններին գրավոր տեղեկացնելը,

2) գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կամ հնարավոր գործածության դեպքում հնարավոր անբարենպաստ ազդեցություններից պահպանության իրականացման համար իրենց վարչական սահմաններում գենետիկական անվտանգության գոտիներ հայտարարելու վերաբերյալ որոշումներ կայացնելը:

2.Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ լիազորություններ:

    Հոդված 11. Կենսանվտանգության ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասություններն

1.Կենսանվտանգության ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասություններն են.

1) համայնքի վարչական սահմաններում նախատեսվող գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կամ հնարավոր գործածության վերաբերյալ տարածքային կառավարման մարմիններին եւ լիազորված պետական մարմիններին գրավոր տեղեկացնելը

2) գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության հնարավոր անբարենպաստ ազդեցություններից շրջակա միջավայրի, կենսաբազմազանության պահպանության համար գենետիկական անվտանգության գոտիներ հայտարարելու վերաբերյալ որոշումներ կայացնելը: Եթե համայնքը հայտարարում է գենետիկական անվտանգության գոտի, դա հանդիսանում է մերժման հիմք:

2. Սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:

    ԳԼՈՒԽ 3

ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՄԲԻ ԳՈԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

    Հոդված 12. Փորձագիտական խմբի գործունեություն

1. Փորձագիտական խումբը բաղկացած է կենսանվտանգության ոլորտի համապատասխան մասնագետներից, որոնց կազմը ստեղծվում եւ համալրվում է ոլորտի լիազորված պետական կառավարման մարմնի կողմից:

2.Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի գործածության յուրաքանչյուր նախատեսվող գործընթացի ռիսկերի գնահատման փորձաքննությունն իրականացվում է՝ փորձագիտական խմբերի կողմից: Փարձագիտական խմբի եզրակացությունը անհրաժեշտ է պետական լիազոր մարմնի համար:

3. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության տեղեկությունները ճշգրտելու անհրաժեշտության դեպքերում ռիսկի գնահատման փորձաքննությունը կարող է իրականացվել միջազգային կանոնակարգերով սահմանված երաշխավորված մեթոդներով հավատարմագրված լաբորատորիայում, որն ունի նշված նյութերի փորձաքննության ոչ պակաս երեք տարվա աշխատանքային փորձ:

4. Փորձագիտական խումբը որոշումներ կայացնում կամ դրական եզրակացություն տրամադրում է խմբի բոլոր անդամների համաձայնությամբ (կոնսենսուս):

5. Փորձաքննության համար գանձվում է պետական տուրք «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով եւ չափերով:

6. Մինչեւ փորձագիտական եզրակացություն կայացնելը, պետք է կազմակերպվի հասարակական լսումներ ՀՀ կառավարության սահմանած կարգով :

7. Փորձագիտական խմբերի կողմից փորձագիտական եզրակացությունների ներկայացման ընթացակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    ԳԼՈՒԽ 4

ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁեւԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

    Հոդված 13. Մեկուսացված համակարգերում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգություն

1. Մեկուսացված համակարգերում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների օգտագործում իրականացնելու լիցենզիա ստանալու համար, իրավաբանական անձը ներկայացնում է համապատասխան հայտ:

2. Մեկուսացված համակարգերում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի գործածության կենսանվտանգության հայտում պահանջվող տեղեկություններն են.

1) գենետիկական անվտանգության գոտու չափերի վերաբերյալ, որի հեռավորությունը բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանական գոտու, բուսական ու կենդանական աշխարհի պահպանության օբյեկտների, գյուղատնտեսական մշակաբույսերով զբաղեցրած հողատարածքների կամ գյուղատնտեսական նպատակով օգտագործվող հողերի կամ բնայկավայրերի սահմաններից պետք է լինի առնվազն 15 կմ հեռավորության վրա:

2) հայտատուի, օգտագործվող կենդանի օրգանիզմների եւ դրանց ձեւափոխման մեթոդների, նախատեսվող գործընթացի, ինչպես նաեւ այդ գործընթացն իրականացնելու համար նախատեսված միջավայրն ու գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմը, այդ թվում` նոր ստացվող, բնութագրող հատկանիշների վերաբերյալ,

3) նախատեսվող աշխատանքային տարածքի, օգտագործվող սարքավորումների եւ դրանց տեխնիկատեխնոլոգիական պայմանների, կիրառվելիք մեկուսացման միջոցների, գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ոչնչացման կամ վնասազերծման, ինչպես նաեւ տվյալ գործընթացում ներգրավված աշխատողների մասնագիտական որակավորումների վերաբերյալ,

4) մեկուսացված համակարգերում օգտագործման համապատասխան գործընթացի կենսանվտանգության ռիսկի գնահատման վերաբերյալ,

5) սույն օրենքի 23-րդ հոդվածում նշված հասարակական լսումների արդյունքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը,

6) տվյալ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի Հայաստանի Հանրապետության տարածքում եւ դրանից դուրս մեկուսացված համակարգերում օգտագործման գործընթացների կենսանվտանգության եւ դրանց արդյունքների վերաբերյալ` եթե ադպիսիք առկա են,

7) տվյալ գործընթացի ժամանակ հնարավոր պատահարների դեպքում իրականացվելիք արտակարգ իրավիճակի պլանը, որն իր մեջ պետք է ներառի տեղեկություններ.

ա. պատահարի դեպքում մարդու կյանքի եւ առողջության, շրջակա միջավայրի, կենսաբազմազանության վրա հնարավոր անբարենպաստ ազդեցության վերաբերյալ,

բ. պատահարի անբարենպաստ ազդեցության եւ վերացման միջոցառումների վերաբերյալ,

գ. պատահարի վերացման միջոցառումների իրականացման գործում ներգրավվող անձանց կամ կազմակերպությունների կամ ծառայությունների եւ վերջիններիս համաձայնության վերաբերյալ,

դ. պատահարի դեպքում լիազորված մարմիններին, պատահարի վերացման միջոցառումների իրականացման գործում ներգրավվող անձանց կամ կազմակերպություններին կամ ծառայություններին, ինչպես նաեւ հանրությանը տեղեկացնելու եւ նախազգուշացնելու միջոցների վերաբերյալ:

3. Մեկուսացված համակարգերում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի գործածության հայտի ձեւը եւ ներկայացման կարգը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

4. Սույն օրենքով սահմանված կարգով լիցենզիա ստացած իրավաբանական անձը մեկուսացված համակարգում օգտագործման ընթացքում ռիսկի փոփոխություններ բացահայտելու դեպքում, իսկ կենդանի օրգանիզմի ձեւափոխման դեպքում` նաեւ ստացված նոր գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմը բնութագրող հատկանիշների վերաբերյալ գրավոր տեղեկացնում է լիազորված մարմնին:

5. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված տեղեկատվության ներկայացման ժամկետները սահմանվում են յուրաքանչյուր գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի մեկուսացված համակարգում օգտագործման համար տրված լիցենզիայի մեջ:

6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված ժամկետներում տեղեկատվություն չստանալու դեպքում լիազորված մարմինը իրավունք ունի դադարեցնել տվյալ գործունեությունը եւ այն անվավեր ճանաչել:

7. Մեկուսացված համակարգերում օգտագործման ընթացքում ռիսկի փոփոխություններ կարող են առաջանալ նաեւ այն դեպքերում, երբ հայտնի են դառնում գիտականորեն հիմնավորված նոր փաստեր` շրջակա միջավայրի, կենսաբազմազանության վրա տվյալ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի ազդեցության մասին, հաշվի առնելով մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը:

8. Եթե, սույն հոդվածի 4-րդ եւ 7-րդ մասով սահմանված ռիսկի փոփոխությունները կարող են անբարենպաստ ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի եւ կենսաբազմազանության վրա` հաշվի առնելով մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը, լիազորված մարմինը պարտավոր է պահանջել մեկուսացված համակարգում օգտագործման պայմանների փոփոխություն, որը չապահովելու դեպքում` պարտավոր է անմիջապես սույն օրենքի համաձայն կասեցնել լիցենզիայի գործողությունը:

9. Մեկուսացված համակարգերում օգտագործման ընթացքում տեղի ունեցած պատահարի դեպքում օգտագործողն անհապաղ գրավոր տեղեկացնում է լիազորված մարմնին` պատահարի իրադրության, գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի տեսակի եւ պատահարի վերացման նպատակով ձեռնարկած միջոցառումների եւ պատահարի հնարավոր անբարենպաստ հետեւանքների վերաբերյալ:

10. Տեղի ունեցած պատահարի վերաբերյալ տեղեկատվությունը թաքցնելու դեպքում համապատասխան լիազորված մարմինը պարտավոր է դադարեցնել տվյալ գործունեությունը` պահանջելով մեկուսացված համակարգում գործունեություն ծավալողից օգտագործման ընթացքում տեղի ունեցած պատահարի վնասակար հետեւանքների վերացում` սեփական միջոցների հաշվին:

11. Համապատասխան լիազորված մարմինը` գնահատելով շրջակա միջավայրի եւ կենսաբազմազանության վրա պատահարի հետեւանքների հնարավոր անբարենպաստ ազդեցությունը հանրությանը զանգվածային լրատվական միջոցներով անհապաղ տեղեկացնում է այդ մասին եւ միջոցներ է ձեռնարկում դրանց վերացման ուղղությամբ:

12. Յուրաքանչյուր պատահարի դեպքում, անբարենպաստ ազդեցությունների վերացման անհրաժեշտ միջոցառումները եւ դրանք իրականացնող մարմինների կազմն ու միջոցները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    ԳԼՈՒԽ 5

ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ, ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԵՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ

    Հոդված 14. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ներմուծման, արտահանման եւ տարանցիկ փոխադրման ներկայացվող պահանջները

1. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ներմուծումը, արտահանումը կամ տարանցիկ փոխադրումը կարող է իրականացվել, եթե ապահովվել են.

1) սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված հայտի պահանջները,

2) բոլոր պետական եւ այլ մարմիններից պահանջվող համաձայնեցումները եւ այլ փաստաթղթերը,

3) ռիսկերի գնահատումը,

4) փաթեթավորման, պիտակավորման եւ մակնշման պահանջների եւ պայմանների պահպանումը` համաձայն Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով եւ ՀՀ օրենսդորությամբ սահմանված կանոնների եւ ստանդարտների.

5) տեղեկատվության փոխանակման ապահովումը,

    Հոդված 15. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ներմուծման նախնական համաձայնության ընթացակարգը

1. Նախնական համաձայնության ընթացակարգը ներառում է.

1) ներմուծման մտադրության վերաբերյալ նախապես ծանուցում պետական լիազոր մարմնին,

2) ներմուծման համաձայնեցումը,

2. Ներմուծողը` գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ներմուծման մտադրության վերաբերյալ գրավոր ծանուցում է (տեղեկացնում) լիազորված պետական մարմնին:

3. Լիազորված պետական մարմինը սույն հոդվածի 2-րդ մասում նշված գրավոր ծանուցումը ստանալուց հետո, 90 օրվա ընթացքում, ներմուծողին գրավոր պատասխանում է, նշելով.

1) ծանուցման ստացման ամսաթիվը,

2) պարունակում է արդյոք, ներկայացված ծանուցումը լիազորված պետական մարմինների պատասխանը ստանալու համար անհրաժեշտ տեղեկություններ,

3) տեղեկություններ` գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի գործածության համապատասխան գործընթացի հայտի ձեւի եւ դրա ներկայացման ընթացակարգի վերաբերյալ:

    Հոդված 16. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ներմուծման համաձայնության ընթացակարգը

1. Իրավաբանական անձինք, գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ներմուծման համաձայնեցման համար լիազորված պետական մարմին են ներկայացնում.

1) մեկուսացված համակարգում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմը օգտագործելու նպատակով ներմուծման դեպքում` սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկություններով հայտը.

2) տեղեկություններ` փոխադրման միջոցների եւ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների անվտանգ տեղափոխելու պայմանների վերաբերյալ.

3) ներմուծման ժամանակ հնարավոր պատահարների դեպքում իրականացվելիք արտակարգ իրավիճակի պլանը:

2. Լիազորված պետական մարմինը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին համապատասխան ներմուծման համաձայնություն ստանալու նպատակով ներկայացված հայտերը ստանալուց հետո 90 օրվա ընթացքում համապատասխան հայտատուին գրավոր ներկայացնում է հետեւյալ պատասխաններից մեկը.

1) Հայտը ընդունվում է

2) Հայտը մերժվում է

3. Հայտի ընդունումից հետո լիազոր մարմինը գիտական ամբողջ տեղեկատվությունը սահմանված կարգով ներկայացնում է փորձագիտական խմբի եզրակացությանը: Լիազորված պետական մարմինը 90 օրվա ընթացքում նախատեսված ընթացակարգերին համապատասխան գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ներմուծման վերաբերյալ հայտատուին գրավոր ուղարկում է հետեւյալ պատասխաններից մեկը.

1) ներմուծման գործընթացը լիցենզավորել.

2) ներմուծումը արգելել.

3) անհրաժեշտ են որոշակի լրացուցիչ տեղեկատվություն.

4) լրացուցիչ տեղեկատվությունները գնահատելու նպատակով պատասխանի ներկայացման ժամկետը անհրաժեշտ է երկարաձգել 180 օրով:

    Հոդված 17. Լիազորված մարմինների կողմից ներմուծման վերաբերյալ տրամադրված պատասխանների վերանայումը

1. Լիազորված մարմինները կարող են վերանայել իրենց կողմից ներմուծման վերաբերյալ տրամադրված պատասխանը գիտական նոր տվյալների հիման վրա:

2. Հայտատուն պարտավոր է լիազոր պետական մարմնի կողմից ներմուծման վերաբերյալ տրամադրված պատասխանը վերանայելու նպատակով պատասխանն ստանալուց հետո 5 օրյա ժամկետում գրավոր դիմել լիազոր պետական մարմնին` սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հայտերի միջոցով, եթե.

1) փոխվել են պատասխանի համար հիմք հանդիսացած ռիսկերի գնահատման արդյունքներն որոշելու պայմանները,

2) տիրապետում է լրացուցիչ գիտական տեղեկատվության, կամ առկա են պատասխանի գիտականորեն հիմնավորված չլինելու վերաբերյալ ապացույցներ:

3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերում նշված տեղեկատվությունը ստանալուց հետո, 5-օրյա ժամկետում լիազորված մարմինը ներմուծման վերաբերյալ պատասխանի վերանայման, ինչպես նաեւ դրա փոփոխության պատճառների մասին գրավոր տեղեկացնում է ծանուցողին, եթե վերանայման նախաձեռնությունն իրենը չէ: Վերանանյումը կարող է տեւել 180 օր:

    Հոդված 18. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ապօրինի գործածությունը

1. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ապօրինի գործածության դեպքերի վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինները տեղեկացնում են միջպետական մարմիններին` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված նորմերին համապատասխան:

2. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի կամ դրանց համակցության գործածության դեպքերում համապատասխան լիազորված մարմինը միջազգային պայմանագրերով սահմանված նորմերին համապատասխան միջոցներ է ձեռնարկում տեղեկացման, ինչպես նաեւ շրջակա միջավայրին եւ կենսաբազմազանությանն առնչվող ցանկացած սպառնալիքի բացառման ուղղությամբ:

3. Լիազորված պետական մարմինը զանգվածային լրատվության բոլոր միջոցներով հասարակայնությանը տեղյակ է պահում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների կամ դրանց համակցության ապօրինի գործածության հետեւանքով ի հայտ եկող իրավիճակները կանխող միջոցների մասին:

    ԳԼՈՒԽ 6

ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ

    Հոդված 19. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը

1. Հայաստանի Հանրապետության կենսանվտանգության ոլորտի կարգավորման մարմինները պարտավոր են պահպանել ՀՀ օրենքով գաղտնի համարվող տեղեկատվությունը:

2. Բնության եւ շրջակա միջավայրի պաշտպանությանը վերաբերող տեղեկատվության պահպանման եւ տրամադրման հետ կապված հաաբերությունները կարգավորվում են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով:

3. Գաղտնի չեն կարող համարվել գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի գործածության կենսանվտանգության հետ կապված հետեւյալ բնույթի տեղեկությունները.

1) հայտատուի վերաբերյալ տվյալները,

2) գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի ընդհանուր բնութագիրը,

3) գործածության նպատակը եւ վայրը.

4) ռիսկի դասակարգումը.

5) կիրառվելիք մեկուսացման միջոցները.

6) շրջակա միջավայրի եւ կենսաբազմազանության վրա հնարավոր անբարենպաստ ազդեցությունը, ինչպես նաեւ մարդու առողջությանը սպառնացող վտանգը:

7) հնարավոր պատահարների դեպքում իրականացվելիք արտակարգ իրավիճակի պլանը,

8) հնարավոր անբարենպաստ ազդեցության մոնիթորինգի ծրագիրը,

9) հնարավոր անբարենպաստ ազդեցությունների վերացման միջոցառումների ծրագիրը,

10) սույն օրենքի 23-րդ հոդվածում նշված հասարակական լսումների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը

11) պետական լիազոր եւ այլ մարմիններից համապատասխան, համաձայնացումները եւ այլ անհրաժեշ փաստաթղթերը եւ դրանց բովանդակությունը:

    Հոդված 20. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության վերաբերյալ տեղեկատվությունը

1. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության վերաբերյալ հանրության տեղեկատվության ապահովումն իրականացվում է «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Պետական, առեւտրային կամ ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

    ԳԼՈՒԽ 7

ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Հոդված 21. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության զբաղվող անձանց պարտականությունները

1. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածությամբ զբաղվել ցանկացող իրավաբանական անձինք մինչեւ համապատասխան գործընթացի հետ կապված հայտ ներկայացնելը պարտավոր են հասարակական լսումների միջոցով հանրությանը տեղեկացնել մեկուսացված համակարգում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության ռիսկերի գնահատման արդյունքների մասին:

2. Սույն օրենքով սահմանված կարգով գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության լիցենզիա ստացած իրավաբանական անձինք պարտավոր են`

1) յուրաքանչյուր գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի գործածության յուրաքանչյուր տեսակով զբաղվել՝ տվյալ գործընթացի համար սույն օրենքով եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված լիցենզիաի պայմաններին եւ պահանջներին համապատասխան.

2) սույն օրենքով սահմանված կարգով գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության իրականացման ընթացքում ապահովել շրջակա միջավայրի եւ կենսաբազմազանության կենսանվտանգությունը, բացառել մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը.

3) հնարավոր պատահարների եւ չնախատեսված իրավիճակների դեպքերում անհապաղ գրավոր տեղեկացնել այդ մասին լիազորված մարմիններին եւ սեփական միջոցների հաշվին շտապ միջոցներ ձեռնարկել շրջակա միջավայրի, կենսաբազմազանության վրա հնարավոր վնասակար ազդեցության, մարդու առողջության սպառնալիքների կանխարգելման եւ հետեւանքների վերացումն ապահովելու ուղղությամբ.

    ԳԼՈՒԽ 8

ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 22. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության նկատմամբ վերահսկողությունը

1.Հայաստանի Հանրապետության տարածքում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ իրավական այլ ակտերով սահմանված նորմերի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական լիազորված մարմինները:

    ԳԼՈՒԽ 9

ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԶԵԿՈՒՄԸ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ

    Հոդված 23. Հանրությանը տրամադրվող տեղեկատվությունը

1. Լիազորված պետական մարմինները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանրությանը տրամադրում են տեղեկատվություն`

1) գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության նախատեսվող գործընթացների մասին.

2) ծանուցողի, նրա կողմից իրականացվող գործունեության մասին.

3) ռիսկի գնահատման մասին.

4) հայտատուներին տրամադրված պատասխանների մասին.

5) տրամադրված լիցենզիաների մասին.

6) արտակարգ իրավիճակների մասին.

7) հանրության իրազեկման համար սույն օրենքով եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ տեղեկություններ:

2. Համապատասխան լիազորված մարմինների կողմից սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվության տրամադրման միջոցներն են`

1) զանգվածային լրատվության միջոցները.

2) էլեկտրոնային հաղորդակցության միջոցները.

3) հասարակական լսումների կազմակերպումը.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարցումներին պատասխանելը.

5) համապատասխան լիազորված մարմինների պաշտոնական վեբ կայքը,

3. Համապատասխան լիազորված մարմինները սույն օրենքով սահմանված կարգով հայտերը ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում, հանրությանը տեղեկացնում են այդ մասին` իրավաբանական անձանց կողմից ներկայացված հայտերը լիազորված պետական մարմինների պաշտոնական վեբ կայքում տեղադրելու միջոցով:

4. Հանրության մեկնաբանություններն ընդունվում են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով տեղեկացնելու օրվան հաջորդող 35 օրերի ընթացքում:

5. Լիազորված մարմինները, կախված ստացված մեկնաբանություններից, քննարկման առարկա հանդիսացող ցանկացած հարցի շուրջ կարող են կազմակերպել հասարակական քննարկումներ:

6. Լիազորված մարմինները ապահովում են հանրության մասնակցությունը սույն օրենքով սահմանված գործընթացներին:

    Հոդված 24. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության մասին տեղեկատվություն ստանալու հանրության իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի` համապատասխան լիազորված մարմիններից պահանջել եւ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով ստանալ կենսանվտանգության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն` բացառությամբ օրենքով պահպանվող տեղեկությունների:

    ԳԼՈՒԽ 10

ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 25. Պատասխանատվությունը

Սույն օրենքի դրույթները խախտողները կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

    ԳԼՈՒԽ 11

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 26. Սույն օրենքը ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

PDF