ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Սույն օրենքը կարգավորում է էկոհամակարգային ծառայությունների, դրանց մատուցման (տրամադրման) հետ կապված հարաբերությունները:

Հեղինակ ՀՀ բնապահպանության նախարարություն
Ընդունող մարմին ՀՀ ազգային ժողով
Ոլորտ նորմ-մեխանիզմներ
տնտեսական գործիքներ
հողային ռեսուրսներ
ջրային ռեսուրսներ
անտառներ
ԲՀՊՏ
կենդանական աշխարհ
բուսական աշխարհ
կենսաբազմազանություն
մթնոլորտային օդ
օզոնային շերտ
առողջապահություն
կրթություն
արտակարգ իրավիճակներ
էկոնոմիկա
Հիմնավորում 1. Անհրաժեշտությունը

<<Էկոհամակարգային ծառայությունների մասին>> ՀՀ օրենքի նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի N 47 արձանագրային որոշմամբ հաստատված բնապահպանության ոլորտի նորարարական ֆինանսա¬տնտեսական մեխանիզմների ստեղծման հայեցա¬կար¬գից բխող խնդիրների իրականացման միջոցառումների ծրագրի 1-ին կետի հանձնարարականի կատարումից:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Էկոհամակարգային ծառայությունների (այսուհետ՝ ԷԾ) հետ կապված իրավահարաբերությունները բավարար չափով կանոնակարգված չեն:

Բնական պաշարների կամ բնական կապիտալի օգտագործման տեսակները կամ դրանց կողմից կամ օգնությամբ մատուցվող գործառույթները չունեն հստակ ձեւակերպված դասակարգում կամ մասամբ են համապատասխանում միջազգային պրակտիկայում ներկայումս օգտագործվող էկոհամակարգային ծառայությունների դասակարգման մեթոդաբանությանը կամ մեթոդներին, էկոհամակարգային ծառայություններն անմիջականորեն կամ ուղղակիորեն չեն առնչվում գործող օրենքների կարգավորման հիմնական նպատակների հետ:

ՀՀ գործող օրենսդրությունում բավարար կամ տեսանելի չափով չի ամրագրված բնական էկոհամակարգերի, բնական պաշարների կամ բնական կապիտալի օգտագործման արդյունքում կամ դրանց կողմից կամ օգնությամբ մատուցվող գործառույթների տնտեսական կամ արժեքային գնահատման անհրաժեշտությունը:

ՀՀ օրենսդրությամբ կամ այլ իրավական ակտերով հստակորեն կամ բավարար չափով ամրագրված չեն բնական պաշարների կամ բնական կապիտալի ընդհանուր տնտեսական գնահատման, ԷԾ տնտեսական կամ արժեքային գնահատման մեթոդաբանությունը կամ մեթոդական հիմքերը:

3. Կարգավորման նպատակը և բնույթը

<< Էկոհամակարգային ծառայությունների մասին>> ՀՀ օրենքի նախագծով կարգավորվում են էկոհամակարգային ծառայությունների հետ կապված իրավահարաբերությունները, այդ թվում սահմանվում են՝

1. Օրենքի կարգավորման առարկան և նպատակը.

2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները.

3. Էկոհամակարգային ծառայությունների դասակարգումը.

4. Էկոհամակարգային ծառայությունների տնտեսական գնահատման մեթոդաբանությունը.

5. էկոհամակարգային ծառայություններ տրամադրողները (մատուցողները) և գնորդները (ստացողները).

6. էկոհամակարգային ծառայությունների դիմաց վճարները, դրանց հետ կապված ֆինանսական մեխանիզմները.

7. Էկոհամակարգային ծառայությունների դիմաց վճարումների իրականացման պայմանները.

8. էկոհամակարգային ծառայությունների մատուցման (տրամադրման) պայմանագրերի կնքման հետ կապված կարգավորումները և այլն:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագծի մշակման ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական ռազմավարական ծրագրերի և մոնիթորինգի վարչությունը համագործակցել է նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների հետ:

5. Ակնկալվող արդյունքը

<<Էկոհամակարգային ծառայությունների>> հետ կապված իրավահարաբերությունների կարգավորում:

Հանրային և մասնավոր Էկոհամակարգային ծառայությունների դիմաց վճարների գծով առևտրային և ֆինանսական կարգավորումներն ապահովող օրենսդրական և կարգավորող դաշտի գոյություն:

Հղումներ
Պատմություն

Դեռևս չի քննարկվել:

    ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    ՀՈԴՎԱԾ 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է էկոհամակարգային ծառայությունների, դրանց մատուցման (տրամադրման) հետ կապված հարաբերությունները:

    ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի նպատակը

1. Սույն օրենքի նպատակն է էկոհամակարգային կառավարման մոտեցման ներդրման, էկոհամակարգերի պահպանության և արդյունավետ կառավարման ապահովումը:

    ՀՈԴՎԱԾ 3. Էկոհամակարգային ծառայությունների իրավական կարգավորումը

1. Էկոհամակարգային ծառայությունների հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով և այլ իրավական ակտերով:

     ՀՈԴՎԱԾ 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

1) էկոհամակարգ` բույսերի, կենդանիների և միկրոօրգանիզմների համակեցությունների ու դրանց շրջապատող ոչ կենդանի շրջակա միջավայրի (հող, ջրային ռեսուրսներ, մթնոլորտային օդ) և դրանց միջև փոխազդեցությունը պայմանավորող բնական երևույթների հարաշարժ համալիր, որը գոյատևում է որպես միասնական փոխազդող գործառնական ամբողջություն,

2) Էկոհամակարգային կառավարման մոտեցում՝ շրջակա միաջավայրի և բնական ռեսուրսների համալիր կառավարման ռազմավարություն, որը նպաստում է դրանց կայուն (բանական) օգտագործմանը, պահպանությանը, կենսունակության ապահովմանը և վերականգնմանը: Մոտեցման հիմքում դրված է համապատասխան գիտական մեթոդների կիրառումը, կենտրոնանալով` էկոհամակարգերի վրա, որը ներառում է օրգանիզմների և նրանց գոյության միջավայրերի գործառույթները և նրանց միջև փոխներգործությունները,

3) Էկոհամակարգային ծառայություն՝ էկոհամակարգերից մարդկանց կողմից ձեռք բերվող սոցիալ-տնտեսական, էկոլոգիական և մշակութային օգուտներ, ներառյալ՝ հանրության կարիքները բնական ռեսուրսներով, անվտանգ (առողջ) բնակավայրերով (ապրելավայրերով), այլ էկոլոգիական, տնտեսական և մշակութային արժեք ունեցող արգասիքներով (արդյունքներով) ապահովող ծառայություններ,

4) Էկոհամակարգային ծառայության դիմաց վճար` էկոհամակարգային ծառայությունը մատուցողի (տրամադրողի) և դրանք գնողի (ստացողի) միջև կնքված պայմանագրով որոշված վճարում, կամ օրենքով սահմանված խրախուսման կամ այլ փոխհատուցման մեխանիզմ, որի դիմաց էկոհամակարգային ծառայությունը մատուցողի (տրամադրողի) կողմից տրամադրվում (մատուցվում) են էկոհամակարգերի կառավարման կամ օգտագործման պարտադիր պայմաններ ապահովող համապատասխան տեսակի և ծավալի էկոհամակարգային ծառայություններ:

    ԳԼՈՒԽ 2. ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

    ՀՈԴՎԱԾ 5. Էկոհամակարգային ծառայությունների բնագավառի պետական կառավարումը

1. Էկոհամակարգային ծառայությունների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են`

1) Էկոհամակարգային ծառայությունների արժևորման (տնտեսական գնահատման) մեթոդաբանության սահմանումը,

2) Էկոհամակարգային ծառայությունների մատուցման (տրամադրման) պայմանագրի օրինակելի ձևի հաստատումը,

3) Էկոհամակարգային ծառայությունների մատուցման (տրամադրման) պայմանագրի կնքման, պայմանագրի նախագծով նախատեսվող էկոհամակարգերի կայուն կառավարման և բնական ռեսուրսների բանական օգտագործման գծով պարտադիր պայմանների (բնապահպանական նորմերի) բնապահպանության բնագավառի պետական կառավարման մարմնի հետ համաձայնեցման կարգերի սահմանումը:

2. Բնապահպանության բնագավառի պետական կառավարման մարմնի իրավասություններն են`

1) Էկոհամակարգային ծառայությունների մատուցման (տրամադրման) պայմանագրի նախագծով նախատեսվող էկոհամակարգերի կայուն կառավարման և բնական ռեսուրսների բանական օգտագործման գծով պարտադիր պայմանների (բնապահպանական նորմերին) համաձայնեցումը:

    ԳԼՈՒԽ 3. ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

     ՀՈԴՎԱԾ 6. Էկոհամակարգային ծառայությունների դասակարգումը

1. Էկոհամակարգային ծառայությունները դասակարգվում են հետևյալ 4 կատեգորիաների (դասերի)`

1) ապահովող ծառայություններ` էկոհամակարգերից ստացված ապրանքներ (սննդամթերք, դեղամիջոցներ, նյութեր, վառելիք, կեր և այլն) ,

2) կարգավորող ծառայություններ, էկոհամակարգային ծառայություններ, երբ էկոհամակարգերը գործում են որպես կարգավորիչներ,

3) մշակութային (հոգևոր) ծառայություններ, ներառում է ոչ նյութական գեղագիտական, հոգևոր և ֆիզիոլոգիական բարիքները (օգուտները), որոնք մարդիկ ստանում են էկոհամակարգերից կամ էկոհամակարգերի հետ շփման արդյունքում,

4) նպաստող ծառայություններ կամ միջավայրագոյացնող ծառայություններ, որոնք անհրաժեշտ են էկոհամակարգային մյուս ծառայությունների գործարկման (ապահովման, տրամադրման, մատուցման) համար:

    ՀՈԴՎԱԾ 7. Ապահովող ծառայություններ

1. Ապահովող ծառայությունների տեսակներն են`

1) սննդի արտադրություն,

2) կենսագործունեության համար անհրաժեշտ ջրային ռեսուրսների տրամադրում,

3) ոչ հանքային ծագման վառելիքի, շինանյութի և օրգանական նյութերի տրամադրում,

4) դեղաբուսական հումքի տրամադրում,

5) բուսական, կենդանական և մանրէաբանական ծագում ունեցող գենետիկական ռեսուրսների տրամադրում:

    ՀՈԴՎԱԾ 8. Կարգավորող ծառայություններ

1. Կարգավորող ծառայությունների տեսակներն են`

1) oդի որակի կարգավորում,

2) կլիմայի կարգավորում,

3) ածխածնի (ածխաթթու գազի) կապակցում և պահպանություն,

4) բնական աղետների մեղմում,

5) ստորերկրյա ջրային ռեսուրսների կարգավորում,

6) կեղտաջրերի մաքրում,

7) հողի բերրի շերտի պահպանություն և էռոզիայի կանխարգելում,

8) բույսերի փոշոտում:

    ՀՈԴՎԱԾ 9. Մշակութային ծառայություններ

1. Մշակութային ծառայությունների տեսակներն են`

1) մշակութային արժեքների տրամադրում,

2) հոգևոր և կրոնական արժեքների տրամադրում,

3) գիտելիքների տրամադրում,

4) կրթական արժեքների տրամադրում,

5) գեղագիտական արժեքների տրամադրում,

6) ռեկրեացիա և էկոտուրիզմ:

    ՀՈԴՎԱԾ 10. Նպաստող կամ միջավայրագոյացնող ծառայություններ

1. Նպաստող կամ միջավայրագոյացնող ծառայությունների տեսակներն են`

1) կենդանական և բուսական աշխարհի օբյեկտների, կենսաբազմազանության պահպանության համար ապրելավայրի և աճելավայի` տրամադրում,

2) hողագոյացում,

3) սննդարար նյութերի շրջանառություն,

4) ջրի շրջանառություն,

5) ֆոտոսինթեզ:

    ԳԼՈՒԽ 4. ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԸ (ՏՐԱՄԱԴՐՈՂՆԵՐԸ)

    ՀՈԴՎԱԾ 11. էկոհամակարգային ծառայություններ մատուցողները (տրամադրողները)

1. Սույն օրենքի համաձայն էկոհամակարգային ծառայություններ մատուցողներ (տրամադրողներ) են հանդիսանում`

1) անտառային տնտեսություն վարող իրավաբանական անձինք և քաղաքացիները.

2) բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ռեժիմն ապահովող իրավաբանական անձինք,

3) այլ իրավաբանական անձինք և քաղաքացիները, նրանց տնօրինման (տիրապետման, օգտագործման) տակ գտնվող հողերում տեղաբաշխված բնական ռեսուրսների(բացառությամբ օգտակար հանածոների) մասով:

    ԳԼՈՒԽ 5. ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՆԵՐԸ

    ՀՈԴՎԱԾ 12. էկոհամակարգային ծառայությունների տրամադրման վճարովիությունը

1. էկոհամակարգային ծառայությունների տրամադրումը վճարովի է:

2. էկոհամակարգային ծառայությունների մատուցման (տրամադրման) դիմաց վճարումները կատարվում են էկոհամակարգային ծառայությունները գնող (ստացող) իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից դրանք մատուցող (տրամադրող) իրավաբանական և ֆիզիկական անձանց:

    ՀՈԴՎԱԾ 13. Էկոհամակարգային ծառայությունների դիմաց վճարումների իրականացումը

1. Էկոհամակարգային ծառայությունների համար վճարումներն իրականացվում են`

1) էկոհամակարգային ծառայությունների մատուցման (տրամադրման) պայմանագրերի հիման վրա,

2) օրենքերով և իրավական ակտերով սահմանված փոխհատուցման կամ խրախուսման ֆինանսական այլ մեխանիզմներով:

    ՀՈԴՎԱԾ 14. Էկոհամակարգային ծառայությունների դիմաց վճարումների իրականացման պայմանները

1. Էկոհամակարգային ծառայությունների դիմաց վճարումների իրականացման մեխանիզմը պետք է պարունակի էկոհամակարգերի կայուն կառավարման և բնական ռեսուրսների բանական օգտագործման գծով պարտադիր պայմաններ (բնապահպանական նորմեր):

2. Էկոհամակարգային ծառայություններ մատուցող (տրամադրող) իրավաբանական և ֆիզիկական անձանց տնօրինման (տիրապետման, օգտագործման) տակ գտնվող հողերում տեղաբաշխված էկոհամակարգերի պահպանության և (կամ) բնական ռեսուրսների բանական (ողջամիտ) օգտագործման գծով պարտադիր պայմաններ (բնապահպանական նորմեր) են հանդիսանում բնապահպանական սահմանափակումների հետևյալ տեսակները`

1) հողը, մթնոլորտը, ջրային ռեսուրսները աղտոտելու մասով,

2) ջրային ռեժիմի պահպանման և ջրային ռեսուրսների օգտագործման նպատակայնության պահպանման գծով.

3) բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների պահպանության գծով.

4) բույսերի և կենդանիների նոր տեսակների, ինչպես նաև կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման գծով.

5) բույսերի պաշտպանության նպատակով թունաքիմիկատների, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործման գծով.

6) էկոլոգիապես վնասակար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործման գծով.

7) ռադիոակտիվ և մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր այլ նյութերի արտադրության, օգտագործման և պահեստավորման գծով.

8) թափոնների գոյացման կանխարգելման, դրանց հավաքման, փոխադրման, պահման, մշակման, վերամշակման, օգտահանման, հեռացման, վնասազերծման և թաղման գծով,

9) լանդշաֆտների և հողային ծածկույթի պահպանման գծով.

10) անտառահատումների գծով.

11) արդյունագործական նպատակով բուսական եւ կենդանական աշխարհի օբյեկտների և դրանց արգասիքների օգտագործման գծով.

12) տրանսպորտային միջոցների և տրանսպորտային ենթակառուցվածքների օգտագործման գծով,

13) Հայաստանի Հանրապետության բնապահպանական օրենսդրությունից բխող այլ սահմանափակումներ:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պարտադիր պայմանները կարող են վերաբերել նաև`

1) էկոհամակարգային ծառայությունների տեսակային կազմի և ծավալների մշտադիտարկումներին (մոնիթորինգին),

2) էկոհամակարգային ծառայությունների վերաբերյալ պարբերական տեղեկատվության կամ հաշվետվությունների ներկայացմանը,

3) էկոհամակարգերի և նրանց կողմից տրամադրվող էկոհամակարգային ծառայությունների վիճակի ուսումնասիրման և վերահսկման այլ արդյունավետ մեխանիզմներին:

    ՀՈԴՎԱԾ 15. էկոհամակարգային ծառայությունների մատուցման (տրամադրման) պայմանագիրը

1. էկոհամակարգային ծառայությունների մատուցման (տրամադրման) պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) էկոհամակարգային ծառայությունը մատուցողի (տրամադրողի) և դրանք գնողի (ստացողի) միջև կնքված համաձայնություն է, որով սահմանվում են էկոհամակարգային ծառայությունների մատուցման (տրամադրման) և գնման (ստացման) պայմանները, կողմերի իրավունքներն ու պարտականությունները:

2. Պայմանագրի գինն որոշվում է փոխադարձ համաձայնությամբ` հիմք ընդունելով էկոհամակարգային ծառայությունների արժևորման (տնտեսական գնահատման) մեթոդաբանությունը:

    ԳԼՈՒԽ 6. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    ՀՈԴՎԱԾ 16. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

PDF