ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հեղինակ ՀՀ բնապահպանության նախարարություն
Ընդունող մարմին ՀՀ ազգային ժողով
Ոլորտ ջրային ռեսուրսներ
Հիմնավորում 1.Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի N 47 արձանագրային որոշմամբ հաստատված բնապահպանության ոլորտի նորարարական ֆինանսա¬տնտեսական մեխանիզմների ստեղծման հայեցա¬կար¬գից բխող խնդիրների իրականացման միջոցառումների ծրագրի 8-րդ կետի հանձնարարականի («Ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ՀՀ կառավարություն ներկայացում) կատարումից:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ ջրավազաններում բավարար չկանոնակարգված ջրօգտագործման արդյունքում ստեղծվել է բնապահպանական բարդ իրավիճակ, որը փոխելու կամ բարելավելու համար առաջարկվում է համապատասխան միջոցառումների կամ քայլերի իրականացում, այդ թվում` Ջրային օրենսգրքի պահանջների խախտման դիմաց գանձված վնասի հատուցման գումարների նպատակային օգտագործման նպատակով առաջարկվում է դրանց հաշվին ստեղծել Ջրային ռեսուսների պահպանության դրամագլուխ, տնտեսական գործունեության հետևանքով շրջակա միջավայրին հասցված և չհատուցված վնասների վերականգնման համար:

3. Կարգավորման նպատակը և բնույթը

<<Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է օրենսգրքում կատարել հետևյալ լրացումը` ավելացնելով նոր 116.1.-րդ հոդվածը, որով օրենսգրքի պահանջների խախտման դիմաց գանձված վնասի հատուցման գումարների նպատակային օգտագործումն ապահովելու նպատակով ստեղծվում է ջրային ռեսուրսների պահպանության դրամագլուխ, որտեղ կուտակվում են վերը նշված վնասի հատուցման գումարները:

Դրամագլխի միջոցները բացառապես օգտագործվելու են ջրային ռեսուրսին հասցված վնասի վերականգնման, ներառյալ ազգային ջրային պաշարի մեծությունը և (կամ) ջրերի որակի ստանդարտները պահպանելու միջոցառումների իրականացման նպատակով:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագծի մշակման ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական ռազմավարական ծրագրերի և մոնիթորինգի վարչությունը համագործակցել է նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների հետ:

5. Ակնկալվող արդյունքը

Ջրօգտագործման թույլտվություն ունեցող սուբյեկտների գործունեության հետևանքով և ապօրինի ջրօգտագործման արդյունքում շրջակա միջավայրին հասցված և չհատուցված վնասների վերականգնման միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հավաքագրման և օգտագործման համակարգի ներդրում:

Հղումներ
  ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ 
    

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգիրքը (4 հունիսի 2002 թվականի, ՀՕ-373) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 116.1-րդ հոդվածով`

Հոդված 116.1. Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլուխ

1. Սույն օրենսգրքի պահանջների խախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման գումարների նպատակային օգտագործումն ապահովելու նպատակով ստեղծվում է ջրային ռեսուրսների պահպանության դրամագլուխ, որտեղ կուտակվում են վերը նշված վնասի հատուցման գումարները:

2. Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխի գումարները պահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացված արտաբյուջետային հաշվում և բացառապես օգտագործվում են սույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 5-րդ պարբերությունում նշված միջոցառումների իրականացման համար:

3. Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխի միջոցների օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

PDF