«ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ․ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀՀ--ում» ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

ԵՊՀ Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի հայտարարած գիտական հետազոտությունների թեմատիկ մրցույթի շրջանակներում շահել է դրամաշնորհ «Էկոլոգիական տեղեկատվության իրավական ասպեկտները. օրենսդրական կարգավորման հիմնախնդիրները և հեռանկարները ՀՀ-ում» վերտառությամբ գիտական հետազոտություն իրականացնելու համար։ Ծրագիրը մեկնարկել է 2015թվականի դեկտեմբերին և կտևի երկու տարի։

Էկոլոգիական տեղեկատվության հավաքման, մշակման, պահպանության, ինչպես նաև դրա մատչելիության իրավական  կարգավորման անհրաժեշտությունը ՀՀ-ում բխում է ՀՀ վավերացրած մի շարք միջազգային էկոլոգիական համաձայնագրերի, մասնավորապես՝ «Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» ՄԱԿ-ի ԵՏՀ կոնվենցիայով[1] (Օրհուս, 1998թ.) ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման անհրաժեշտությունից: Նշված կոնվենցիան ստեղծում է նաև անհրաժեշտ իրավական հենք այլ միջազգային բնապահպանական համաձայնագրերի իրականացման համար։ Էկոլոգիական տեղեկատվության կառավարման ոլորտի իրավական կարգավորումն ուղղակիորեն առնչվում է յուրաքանչյուրի՝ առողջ և բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու իրավունքին, որը ճանաչված է որպես մարդու հիմնարար իրավունք։

            Միաժամանակ, էկոլոգիական տեղեկատվության կառավարումը շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների օգտագործման պետական կառավարման համակարգի կարևորագույն բաղադրիչներից է և դրա կատարելագործումը պայմանավորում է այնպիսի իրավական կառուցակարգերի արդյունավետ գործառումը, ինչպիսիք են շրջակա միջավայրի պահպանության ծրագրավորումը, բնօգտագործման թույլտվությունների տրամադրումը, էկոլոգիական վերահսկողությունը և այլն:

Էկոլոգիական տեղեկատվության հարաբերությունների իրավական կարգավորման կատարելագործումը կարևորվում է նաև շրջակա միջավայրի պահպանության մի շարք նոր գործիքների, մասնավորապես՝ համալիր թույլտվությունների, արտադրական ինքնահսկման, էկոլոգիական ապահովագրության, էկոլոգիական աուդիտի, էկոլոգիական պիտակավորման և այլ կառուցակարգերի մշակման և ներդրման համատեքստում:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականցնել հետևյալ հետազոտական ծրագրերը.

  1. Էկոլոգիական տեղեկատվության կառավարման ինստիտուտին վերաբերող դոկտրինալ աղբյուրների և պրակտիկայի ուսումնասիրություն և համեմատական վերլուծություն արդի զարգացումների հիմնական ուղղությունները վեր հանելու նպատակով:
  2. Էկոլոգիական տեղեկատվության կառավարմանն առնչվող ՀՀ վավերացված միջազգային համաձայնագրերի վերլուծություն՝ համապատասխան միջազգային պարտավորությունների բովանդակությունը և բաղադրիչները հստակ ուրվագծելու նպատակով:
  3. Էկոլոգիական տեղեկատվության կառավարման ոլորտի ազգային օրենսդրության վերլուծություն ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների համատեքստում՝ առկա հիմնախնդիրները, բացերը, կարգավորման թերությունները վեր հանելու և զարգացման հեռանկարները հստակեցնելու նպատակով:
  4. «Էկոլոգիական տեղեկատվության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում և ներկայացում ՀՀ բնապահպանության նախարարություն, ՀՀ կառավարություն, ՀՀ Ազգային ժողով, ինչպես նաև այլ կառույցների և շահագրգիռ կազմակերպությունների:
  5. ՀՀ էկոլոգիական օրենսդրության համակարգը ձևավորող իրավական ակտերում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին իրավական ակտերի նախագծերի մշակում, որոնք կներառվեն մեկ փաթեթում և կներկայացվեն ՀՀ բնապահպանության նախարարություն, ՀՀ կառավարություն, ՀՀ Ազգային ժողով, ինչպես նաև այլ կառույցների և շահագրգիռ կազմակերպությունների: