ECOLEX.AM ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Սույն թվականի մարտի 3-4 Դիլիջանում տեղի ունեցավ Ecolex.am էլեկտրոնային հարթակի շնորհանդես-քննարկումը:

Ecolex.am էլեկտրոնային հարթակը պատրաստվել է “Բնապահպանական կառավարման հզորացման ոչ-կառավարական կազմակերպությունների կարողությունների զարգացման միջոցով” ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի միջոցով:

Շնորհանդես-քննարկմանը մասնակցեցին ՀՀ բնապահպանության, ՀՀ արդարադատության, ՀՀ առողջապահության, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ քաղաքաշինության, ՀՀ տանսպորտի և կապի նախարարությունների, ՀՀ ազգային ժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի, Օրհուս կենտրոնների և մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Միջոցառման ընթացքում մասնակիցներին հանգամանորեն ներկայացվեց Ecolex.am էլեկտրոնային հարթակի կառուցվածքը, հնարավորությունները, գործիքները և ռեսուրսները, գրանցման և բաժանորդագրման մեխանիզմները, օգտատերերի տեսակները, նախագծերի որոնման համակարգը, նախագծերի վերաբերյալ առցանց դիտողություններ և առաջարկներ անելու հնարավորությունը և կայքի այլ գործիքների օգտագործման մեխանիզմները:

Ecolex.am Էլեկտրոնային հարթակը միավորում է ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ Կառավարության, ՀՀ բնապահպանության նախարարության և այլ գերատեսչությունների կողմից մշակված այն իրավական ակտերի նախագծերը, որոնք առնչվում են շրջակա միջավայրի պահպանությանը և բնական ռեսուրսների օգտագործմանը: Կայքում հասանելի էլեկտրոնային գործիքների համակարգը հնարավորություն է տալիս օգտատերերին անմիջապես նախագիծը մշակողին ներկայացնել համապատասխան առաջարկները և նկատառումները, որոնք միաժամանակ մատչելի են կայքի բոլոր այցելուների համար:

ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչը անդրադարձավ Ecolex.am հարթակի նշանակությանը և հույս հայտնեց, որ այն կդառնա կարևոր ռեսուրս ՀՀ բնապահպանության նախարարության կողմից մշակվող նախագծերի որակի բարձրացման համար:

ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչը ներկայացրեց իրավական ակտերի մշակման գործընթացի թափանցիկությանը, իսկ ՀՀ ազգային ժողովի ներկայացուցչի ելույթը նվիրված էր հանրային մասնակցության կարևորությանը օրենսդրական գործընթացի արդյունավետության համատեքստում:

Շնորհանդես-քննարկմանը ներկա բոլոր պետական մարմինների ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին www.ecolex.am հարթակի գործառման շրջանակներում ցուցաբերել տեղեկատվական աջակցություն։

Հարթակի ներկայացմանը հաջորդեցին բազմաթիվ հարցեր, հետաքրքիր քննարկումներ և հնչեցին մի շարք առաջարկներ ապագայում աշխատանքների կազմակերպումն առավել արդյունավետ դարձնելու վերաբերյալ։ Մասնակիցները հնարավորություն ունեցան նաև փոխանակել կարծքիներ և կայքի մշակման աշխատանքներում ներգրավված փորձագետներից ստանալ իրենց հարցերի պատասխանները։

Միջոցառման 2-րդ օրը քննարկումը շարունակվեց “Բաց տարածք” ձևաչափով, որը հնարավորություն տվեց  մասնակիցներին աշխատելու ոչ պաշտոնական, անմիջական մթնոլորտում և էլեկտրոնային հարթակի գործառման արդյունավետությանը և շարունակականությանը վերաբերող տարբեր թեմաների շրջանակներում ներկայացնելու իրենց մոտեցումները, առաջարկները և նկատառումները: Քննարկումների առանցքում հետևյալ թեմաներն էին՝ 1. Ecolex.am-ի ֆինանսավորորումը և կայունության ապահովումը, 2. Ecolex.am-ի ընդլայնման հնարավորությունները, 3. Պետական մարմինների կողմից Ecolex.am-ի օգտագործման հնարավորության ընդլայնում:

Ըստ վերագրյալ թեմաների՝ մասնակիցներն իրենց հայեցողությամբ ընդգրկվեցին առանձին խմբերում՝բաղկացած 8-10 հոգուց: Յուրաքանչյուր խումբ զուգահեռ ընթացող քննարկումների ընթացքում ձևավորեց որոշակի գաղափարներ, մոտեցումներ, առաջարկներ, ինչպես նաև ձևակերպվեցին որոշակի քայլեր, որոնք այնուհետև խմբերի համակարգողները ամփոփ ներկայացրեցին լիագումար նիստի ընթացքում:

 «Բաց տարածք» ձևաչափով քննարկումները համանման դեպքերում հնարավորություն են տալիս արդյունավետ կերպով միավորել որոշակի խնդրով հետաքրքված տարբեր շահառու խմբերի մոտեցումները և ապագայում մշակել լագավույն լուծումներ։

Միջոցառման ավարտին մասնակիցները լրացրեցին շնորհանդես-քննարկման և էլեկտրոնային հարթակի որոշ հիմնական գծերին վերաբերող հարցաթերթիկներ, որոնցում արտահայտված առաջարկները և դիտարկումները ծրագրի փորձագետների կողմից հաշվի կառնվեն հարթակի բովանդակային և ֆունկցիոնալ զարգացման համատեքստում:

Միջոցառումը լուսաբանվել է Ա1+-ի և Մարտունի հեռուստաընկերությունների կողմից: 
http://www.a1plus.am/1439083.html
https://www.youtube.com/watch?v=HX7_6fsftds