ՇՄԻՊԿ ՀԿ

«Շրջական միջավայրի իրավական պահպանության կենտրոնը» (ՇՄՊԻԿ) առաջին հասարակական կազմակերպությունն է Հայաստանում, որի նպատակն էր էկոլոգիական փաստաբանության իրականացումը: Նման կազմակերպություններ հիմնադրվել են միայն ԱՊՀ մի քանի երկրներում (Հայաստան, Բելոռուսիա, Մոլդովա, Ուզբեկիստան, Ուկրաինա) Ամերիկյան իրավաբանների Ասոցիացիայի «Իրավական նախաձեռնությամբ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների համար» ծրագրի շրջանակներում:

ՇՄԻՊԿ ՀԿ-ն էական դերակատարում ունի քաղաքացիական հասարակության ներուժի օգտագործմամբ շրջակա միջավայրի պահպանության բնագավառում գործունեության իրականացման խթանման հարցում` դրանով իսկ նպաստելով իրավունքի գերակայության ամրապնդմանը:

Կենտրոնը կարևոր ներդրում ունի ոչ միայն ազգային, այլև միջազգային մակարդակում էկոլոգիական քաղաքականության զարգացման գործում: Մեր կազմակերպությունը տարբեր խմբերի համար իրականացնում է էկոլոգիական-իրավական կրթության ծրագրեր` դրանով իսկ բարձրացնելով հասարակության իրազեկվածության աստիճանը շրջակա միջավայրին վերաբերող հարցերում:

Մեր գործունեության կարևոր ուղղություններից է շրջակա միջավայրի պահպանության ոլորտի իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ հանրային լսումների կազմակերպումը, ուսումնասիրությունների և վերլուծությունների իրականացումը: Բացի այդ, Կենտրոնը կանոնավոր կերպով կազմակերպում է կլոր սեղաններ, սեմինարներ, որոնց մասնակցելու համար հրավիրվում են էկոլոգիական ոլորտում գործող ոչ կառավարական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, պաշտոնատար անձինք և մասնագետներ ՀՀ բնապահպանության նախարարությունից, այլ նախարարություններից ու գերատեսչություններից, ՀՀ ԱԺ համապատասխան հանձնաժողովի կազմում ընդգրկված պատգամավորներ, ինչպես նաև բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են քննարկվող հարցերով: Այս մոտեցումն առանձնապես կարևորվում է Օրհուսի կոնվենցիայի դրույթների իրականացման տեսանկյունից: Այն բարձրացնում է էկոլոգիական օրենսդրության վերաբերյալ տեղեկացվածության աստիճանը ոչ միայն հասարակության, այլև պետական մարմինների շրջանում՝ նպաստելով էկո-իրավական գիտակցության մակարդակի բարձրացմանը:

Կենտրոնի աշխատանքներում ներգրավված են բարձր որակավորում ունեցող իրավաբաններ, ովքեր մասնագիտացած են էկոլոգիական իրավունքի և քաղաքականության ոլորտում և մատուցում են խորհրդատվական ու փորձագիտական ծառայություններ:

Հաշվի առնելով էկոլոգիական օրենսդրության նշանակությունը շրջակա միջավայրի որոկի ապահովման գործում՝ Կենտրոնը Ամերիկյան իրավաբանների Ասոցիացիայի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Իրավական նախաձեռնության աջակցությամբ Հայաստանում առաջին անգամ հրատարակել է «Էկոլոգիական օրենսդրության ժողովաժու»: Բացի այդ, հրատարակվել են մի շարք գիտագործնական մեկնաբանություններ, ձեռնարկներ, բրոշյուրներ, բուկլետներ, 60-ից ավելի գիտական հոդվածներ, որոնք առնչվում են քաղաքացիների էկոլոգիական իրավունքներին և Օրհուսի կոնվենցիայի իրականացմանը:

Կազմակերպությունը մասնակցություն է ունենում իրավական ակտերի նախագծերի մշակման գործում համագործակցելով ՀՀ ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովին և ՀՀ բնապահպանության նախարարությանը: Կենտրոնը եզրակացություններ է տալիս մի շարք օրինագծերի և մոդելային օրենքների նախագծերի վերաբերյալ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքների շրջանակներում:

Կենտրոնը ներգրաված է եղել դրական ելքով մի շարք դատական գործընթացներում, որոնք վերաբերել են քաղաքացիների էկոլոգիական իրավունքների պաշտպանությանն ու էկոլոգիական իրավունքի նորմերի իրացմանը:

Կենտրոնը կարևոր դերակատարում է ունեցել հատկապես Հայաստանի Հանրապետության կողմից Օրհուսի կոնվենցիայի վավերացման աշխատանքները նախաձեռնելու և խրախուսելու հարցում: Կենտրոնը նաև կազմել է Դանիայի Օրհուս քաղաքում 1998 թվականին անցկացված 4-րդ նախարարական կոնֆերանսին ներկայացված Հայաստանի Ազգային Զեկույցը: