Ծրագրի մասին

Հարգելի այցելու

Ողջունում եմ Ձեզ Ecolex.am էլեկտրոնային պորտալում: Այն Հայաստանում առաջին միասնական հարթակն է շրջակա միջավայրին վերաբերող իրավական ակտերի նախագծերի մշակման գործընթացին հասարկաության մասնակցության համար:

Այստեղ կգտնեք տեղեկատվություն ինչպես ՀՀ Ազգային ժողովի, այնպես էլ ՀՀ բնապահպանության նախարարության եւ այլ շահագրգիռ գերատեսչությունների կողմից մշակված այն իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ, որոնք առնչվում են շրջակա միջավայրի պահպանությանը եւ բնական ռեսուրսների օգտագործմանը:

Մեր նպատակն է կայքում տեղադրված էլեկտրոնային գործիքաշարի միջոցով հնարավորություն ընձեռել օգտատերերին առցանց ռեժիմով իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կատարել դիտողություններ եւ առաջարկներ, որոնք կհասցեագրվեն նախագիծի հեղինակին եւ միաժամանակ մատչելի կլինեն կայքի բոլոր այցելուներին:

Հուսով եմ `Ecolex.am կայքը նոր կամուրջ կդառնա քաղաքացիական հասարակության եւ որոշում ընդունողների կառուցողական համագործակցության համար, կնպաստի իրավունքի գերակայության եւ յուրաքանչյուրի, առողջ եւ բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու իրավունքի ամրապնդմանը:

 

 

«Հզորությունների ստեղծում ՀԿ-ների համար` շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացին արդյունավետ մասնակցության համար` համապատասխան գործիքների մշակման եւ իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով»


«Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն» ՀԿ-ն իրականացնում է «Հզորությունների ստեղծում ՀԿ-ների համար` շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացին արդյունավետ մասնակցության համար` համապատասխան գործիքների մշակման եւ իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով» ծրագիրը: Այն իրականացվում է «Բնապահպանական կառավարման հզորացում ոչ- կառավարական կազմակերպությունների կարողությունների զարգացման միջոցով »ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից, իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի միջոցով:

«Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող ծագրի նպատակն է բարելավել շրջակա միջավայրին վերաբերող իրավական ակտերի նախագծերի մշակման գործընթացում հասարակության մասնակցության որակը` համապատասխան իրավական գործիքի եւ մասնակցության էլեկտրոնային հարթակի մշակման, ինչպես նաեւ իրազեկվածության մակարդակի բարձրացման ճանապարհով:

ՀՀ գործող օրենսդրությունը նախատեսում է որոշումների ընդունման գործընթացին հասարակության մասնակցության ընդհանուր շրջանակ, սակայն մասնակցության ընթացակարգը լիարժեք կարգավորված չէ: Միաժամանակ, ՀԿ-ների համար անհրաժեշտ հզորությունների (իրավական գիտելիքների եւ համապատասխան հմտությունների) պակասը, ինչպես նաեւ արդյունավետ մասնակցության համար միասնական հարթակի բացակայությունը նվազեցնում են մասնակցության իրավունքի իրացման որակը, ազդեցությունը եւ արդյունքները: Նշված խնդիրներն ընդգծում են ոլորտի համարժեք իրավական կարգավորման, ինչպես նաեւ որոշում ընդունողների եւ քաղաքացիական հասարակության միջեւ կառուցողական երկխոսության ամրապնդման անհրաժեշտությունը: Դա բխում է նաեւ «Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիայի շրջանակներում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններից:

Հիմնական արդյունքներ

1. Օրենսդրության եւ պրակտիկայի ուսումնասիրություն. ուսումնասիրությունն իրականացվել է շրջակա միջավայրի վերաբերյալ որոշում կայացնողների եւ նշված ոլորտի քաղաքացիական հասարակության շրջանում անցկացված հարցման արդյունքների, գործող ազգային օրենսդրության եւ ձեւավորված պրակտիկայի, ինչպես նաեւ Օրհուսի կոնվենցիայի տարբեր մարմինների (Կողմերի հանդիպում, Բյուրո, Աշխատանքային խմբեր, Համապատասխանության կոմիտե) կողմից ընդունված փաստաթղթերի համեմատական ​​վերլուծության հիման վրա :

2. Շրջակա միջավայրին վերաբերող իրավական ակտերի գործընթացին հասարակության մասնակցության ուղեցույցի մշակում եւ հրատարակում. ՈՒղեցույցը նախատեսված է քաղաքացիական հասարակության անդամների համար: Այն հնարավորինս մատչելի կերպով բովանդակում է անհրաժեշտ իրավական գիտելիքների եւ հմտությունների ամբողջությունը, որոնք կարեւոր են իրավական ակտերի մշակման գործընթացին իրազեկված եւ արդյունավետ մասնակցելու համար:

3. Դասընթացներ մարզերում եւ Երեւանում: դասընթացների շրջանակներում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին փոխանցվել են անհրաժեշտ գիտելիքներ էկոլոգիական օրենսդրության համակարգի, իրավական ակտերի մշակման գործընթացի եւ մասնակցության հնարավորությունների վերաբերյալ: Մասնակիցները ծանոթացել են իրավական տեխնիկայի հիմնական կանոններին եւ իրավական ակտերի հետ աշխատանքի սկզբունքներին:

4. Էլեկտրոնային հարթակի ստեղծում (www.ecolex.am), որպես միասնական հարթակ շրջակա միջավայրին վերաբերող իրավական ակտերի մշակման գործընթացին հասարակության մասնակցության համար: Կայքում տեղադրվում են ինչպես ՀՀ Ազգային ժողովի, այնպես էլ ՀՀ բնապահպանության նախարարության եւ այլ շահագրգիռ գերատեսչությունների կողմից մշակված, շրջակա միջավայրին առնչվող իրավական ակտերի նախագծերը: Կայքում հասանելի էլեկտրոնային գործիքների համակարգը հնարավորություն է տալիս օգտվողներին անմիջապես նախագիծը մշակողին ներկայացնել համապատասխան դիտողությունները եւ առաջարկները, որոնք միաժամանակ մատչելի են կայքի բոլոր այցելուների համար: Այսպիսով, ապահովվում է որոշումների ընդունման գործընթացի թափանցիկությունը, նպաստելով որոշում ընդունող մարմինների հաշվետվողականության բարձրացմանն ու պետական ​​մարմին, քաղաքացիական հասարակություն կառուցողական համագործակցությանը.

5. «Շրջակա միջավայրին վերաբերող իրավական ակտերի մշակման գործընթացին հասարակայնության մասնակցության կարգը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման եւ ուղեկցող փաստաթղթերի փաթեթի մշակում: իրավական ակտի նախագիծը եւ ուղեկցող փաստաթղթերը մշակվելու են ՀՀ բնապահպանության նախարարության եւ ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ` քաղաքացիական հասարակության անդամների մասնակցությամբ:

Հուսով ենք, որ ծրագրի իրականացման արդյունքում էականորեն կբարելավվի շրջակա միջավայրին վերաբերող իրավական ակտերի նախագծերի մշակման շրջանակներում պետական ​​մարմինների եւ հասարակական կազմակերպությունների միջեւ համագործակցությունը, կձեւավորվեն անհրաժեշտ հզորություններ իրազեկված մասնակցության համար, կամրապնդվի փոխադրաձ վստահության մթնոլորտը եւ քաղաքացիական հասարակաության պատասխանատվությունը նախապատրաստվող նախագծերի եւ ընդունվող իրավական ակտերի իրականացման գործում: